26 նոյեմբերի 2007 - 15:08 AMT
Արա Պապյան. Ցեղասպանության մասին թուրքերը դեռ կարող են վիճաբանել հայերի հետ, իսկ Վիլսոնի Արբիտրաժային որոշման մասին` ոչ
1920 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց նախկին Օսմանյան կայսրության սահմանների մասին Արբիտրաժային որոշումը, որով էլ ավարտվեց իր իրավունքների համար հայ ժողովրդի մղած պայքարի հերթական փուլը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի հանդեպ միջազգային իրավական նորմերի ճանաչմանն ուղղված աշխատանքը Հայաստանը պետք է տանի երկու ուղղությամբ: «Առաջինը, զարգացնի գիտական գործունեությունը, երկրորդը` որքան հնարավոր է լայնորեն ծանոթացնի հասարակությանը Արբիտրաժային որոշման եւ Սեւրի պայմանագրի տեքստի հետ, ինչը մինչ այժ չի արվել»,-ասել է պատմաբանը:

Արա Պապյանը պատմել է նոյեմբերի սկզբին Տորոնտոյի համալսարանում անցած դասախոսության մասին այդ հարցի շուրջ, որին ներկա էին նաեւ ուսանողներ Թուրքիայից: «Նրանք պատրաստվել էին նրան, որ հայերը խոսելու են Ցեղասպանության մասին եւ ըստ այդմ էլ նախապատրաստվել եւ երբ լսեցին Սեւրի մասին, ապա տառացիորեն շոկի մեջ էին: Ցեղասպանության մասին թուրքերը դեռ կարող են վիճաբանել մեզ հետ, իսկ Վիլսոնի Արբիտրաժային որոշման մասին` ոչ»,-ընդգծել է Պապյանը: Նա նաեւ հաղորդել է, որ դեկտեմբերին Թեհրանում «Հայ Դատի» նախաձեռնությամբ երկօրյա սեմինար կանցնի Սեւրի պայմանագրի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 1920 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց այսպես կոչված արբիտրաժային որոշումը հայ-թուրքական սահմանի մասին: Բացի այդ, ըստ Սեւրի պայմանագրի Օսմանյան կայսրությունը բաժանվեց մանդատային տարածքների: Պաղեստինը եւ Հյուսիսային Իրաքը Քիրկուկով եւ Մոսուլով անցան Մեծ Բրիտանիայի վերահսկմանը, Կիլիկիան` Ֆրանսիայի: Արեւմտյան Հայաստանի մանդատն անցնում էր ԱՄՆ-ին, սակայն Կոնգրեսը հրաժարվեց այն հաստատել: Այնուամենայնիվ արբիտրաժային որոշումը չունի վաղեմության ժամկետ եւ չի կարող վիճարկվել ցանկացած միջազգային դատական ատյանում:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ