2 հունիսի 2017 - 18:24 AMT
Հայաստանում Գյոթեի ինստիտուտի կենտրոն կարող է բացվել

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Գերմանիայի խոշորագույն մշակութային հաստատության՝ Գյոթեի ինստիտուտի նախագահ Կլաուս-Դիթեր Լեհմանին:

Կողմերը քննարկել են 2009-ից Հայաստանում գործող Գերմաներենի ուսուցման կենտրոնին զուգահեռ գերմաներենի տարածմանը նպաստող այլ հնարավորությունների, այդ թվում՝ Գյոթեի ինստիտուտի կենտրոնի հիմնման հարցը:

Լեհմանը վստահեցրել է, որ Գյոթեի ինստիտուտը լավագույն ջանքը կներդնի Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու համար:

Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել նման լուծման հանգելու դեպքում պետության կողմից աջակցություն ցուցաբերելու այդ նախաձեռնության իրականացմանը:

Սարգսյանը նշել է, որ անցած այդ տարիների ընթացքում հայ-գերմանական հարաբերությունները միայն վերընթաց զարգացում են ունեցել՝ հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձևավորվել են կայուն միջխորհրդարանական հարաբերություններ, հաջողությամբ զարգանում են առևտրատնտեսական կապերը, համագործակցությունը կրթության, մշակույթի ոլորտներում և ապակենտրոնացված մակարդակում:

Այդ ամենը, Հանրապետության նախագահի համոզմամբ, լավ հիմք է խթանելու Հայաստանում գերմաներենի առավել խորացված ուսուցումը, ինչն էլ իր հերթին կնպաստի փոխշահավետ բոլոր ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանը:

Գյոթեի անվան ինստիտուտը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կարևոր մշակութային-կրթական հաստատություններից է, որը գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում: Նրա հիմնական նպատակներն են արտերկրում գերմաներենի ուսուցման խթանումը և միջազգային մշակութային համագործակցությունը:

Գյոթեի անվան ինստիտուտի տարածաշրջանային գրասենյակը գտնվում է Վրաստանում՝ Թբիլիսիում, որն իրավասու է նաև Հայաստանում իրականացվող ծրագրերի համար: