5 հունիսի 2017 - 10:07 AMT
ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնում ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հունիսի 3-ին տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը, հաղորդում է Reuters-ը:

Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:

Ոստիկանությունն ահաբեկչությանը մասնակցություն ունենալու կասկածանքով ձերբակալել է 12 մարդու, այդ թվում նաև չորս կնոջ: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալվածներից մեկին ազատ է արձակել:

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 4-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին ահաբեկչական հարձակման կապակցությամբ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Սարգսյանը, մասնավորապես, գրել է.

«Դժվարին այս պահին իմ զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության ողջ բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Մենք խստորեն դատապարտում ենք նման ստոր, անմարդկային գործողությունները և վճռական ենք տրամադրված՝ համատեղ ուժերով շարունակելու պայքարը բռնության և ահաբեկչության դեմ»:

Կարդացեք նաև՝ Ահաբեկչական հարձակումներ Լոնդոնում. 6 զոհ, 30-ից ավելի վիրավոր