5 հունիսի 2017 - 11:48 AMT
Արցախի վարչապետը 2017-ին երկնիշ տնտեսական աճ է ակնկալում

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն 2017-ին ակնկալում է երկնիշ տնտսեական աճի ցուցանիշ ունենալ: Այս մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ, չնայած ապրիլյան պատերազմին, ԼՂՀ-ում 2016 թվականին գրանցվել է ավելի քան 9% տնտեսական աճ:

Արայիկ Հարությունյանը նաև ասել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի տնտեսությունը որոշակի խնդիրներ է ունեցել, բավականին շատ ներդրողներ հետաձգել են ներդրումները, սակայն կա նաև ներդրողների մի մեծ բանակ, որոնք ոչ միայն չեն դադարեցրել, այլ ապրիլին շարունակել են իրենց ներդրումները:

«Այս տարի սպասում ենք երկնիշ թիվ՝ 10 տոկոսից ավելի տնտեսական աճ, քանի որ բավական ներդրումներ են կատարվել հիդրոէներգետիկայի և հանքաարդյունաբերության ոլորտներում»,- նշել է վարչապետը, գրում է Panorama.am-ը:

Մասնավորապես, ըստ նրա, շահագործվել է Կաշենի հանքն ամբողջ հզորությամբ, 2016 թվականի վերջին նաև շահագործման են հանձնվել հիդրոէլեկտրակայաններ:

«Արցախը դարձել է այնպիսի երկիր, որը ոչ միայն բավարարում է սեփական էլեկտրաէներգիայի պահանջարկը, այլև նախատեսում է առաջիկայում ավելացնել արտահանման ծավալները»,- շեշտել է վարչապետը:

Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ 2017-ին հաջողություններ են գրանցել նաև շինարարության ոլորտում. հունվար-մայիս ամիսներին շինարարության ծավալներն աճել են՝ բարեգործական, պետական և այլ աղբյուրների հաշվին:

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, վարչապետը նշել է, որ թեև նախորդ տարի ոլորտում անկում է գրանցվել, սակայն այս տարի տարբերություն զգում են:

Վարչապետի խոսքերով՝ ռուսական ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորությունը մեծամասամբ դրական ազդեցություն է թողել զբոսաշրջության զարգացման վրա:

«Կան մարդիկ, որոնք պատրաստ են ներդրում կատարել հյուրանոց կառուցելու համար, սակայն մինչև վերջերս հյուրանոցների քանակը մեծ է՝ բացի ամառային մի քանի օրերից և մայիսի 9-ից, ծանրաբեռնված չի լինում, փորձում ենք ռեսուրսներն ուղղել այլ ուղղությամբ»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ տնտեսական նախագծերը նորմալ են, շարունակվում է տնտեսական աճը:

Չնայած բարդություններին, 2016-ին Արցախի Հանրապետությանը հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման դրական դինամիկան հիմնական ոլորտներում և 9.2%ՀՆԱ աճ գրանցել: Այդ ցուցանիշով ԼՂՀ-ն գերազանցում է տարածաշրջանի բոլոր երկրներին: Այդ են վկայում ԼՂՀ վիճակագրական ծառայության հրապարակած սոցիալ-տնտեսական տվյալները: