28 նոյեմբերի 2007 - 14:29 AMT
ԵՄ-ն ու ողջ համաշխարհային հանրությունը անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին
Մեծ Բրիտանիան ԵՄ-ի եւ ողջ համաշխարհային հանրության հետ միասին անհրաժեշտ օգնություն եւ աջակցություն են ցուցաբերում Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին: Այդ մասին Երեւանում կայացած «Լեհաստանի եվրաինտեգրման փորձն ու դասերը Հարավային Կովկասի երկրների համար» խորագրով միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Էնթոնի Քանթորը: Նրա խոսքերով, այստեղ մեծ դեր է կատարում Հյաստանի մասնակցությունը Եվրոպական հարեւանության ծրագրին` ENP-ին: «Այդ ծրագրի շրջանակներում չափազանց կարեւոր է այն երկրների փորձը, որոնք արդեն դարձել են ԵՄ անդամներ, սակայն անցել են այն ուղին, որով ացնում են հետխորհրդային պետությունները»,-նշել է Քանթորը:

Իր հերթին, Երեւանում Լեհաստանի դեսպան Տոմաշ Քնոխեն ընդգծել է, որ նման խորհրդաժողովների նպատակն է փորձի փոխանակումը եւ օգնությունը եվրոպական ծրագրերի իրականացման գործում: Ըստ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի, Բալթիայի երկրներն ու Լեհաստանը կարող են համագործակցել ընդհանուր ուղղություններով Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ, որին անդամակցում են նաեւ Հարավային Կովկասի երկրները: