Հունիսի 8-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 0 դեմ և ձեռնպահ, ընդունվել է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին օրինագիծն ու կից ներկայացված օրինագծերի փաթեթը:
Մինչև քվեարկությունը ԱԺ փոխնախագահ և օրինագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը խորհրդարանական ընդդիմությանը տեղեկացրել է, որ ընդունվել է նրանց առաջարկը, և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները կոնսենսուսով կկարողանան թեկնածու առաջադրել հակակոռուպցիոն հանձնաժողովում:
«Արդեն իսկ նախագծում կա դրույթ այդ մասին», - հայտարարել է Արփինե Հովհաննիսյանը, մեջբերում է Politik.am-ը:
Վարման կարգով ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բացասաբար չեն տրամադրված ներկայացված նախագծի դեմ և հավելեց. «Ճիշտ է, մեր պատկերացրած նախագիծը չէ, բայց մենք կարծում ենք, որ սա քայլ առաջ է դեպի մեր պատկերացումներին համապատասխանող հակակոռուպցիոն մարմին և համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այդ առումով ԵԼՔ խմբակցությունը կողմ կքվեարկի նախագծին»:
ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն էլ հայտարարել է, որ իրենք հարգում են կոնսենսուսը, և «Ծառուկյան» խմբակցությունը ևս կողմ է քվեարկել նախագծին:
Կարդացեք նաև՝ «Գործ տալը մեզ հարիր չէ, հայ մնանք». Պատգամավորը քննադատում է կոռուպցիայի մասին հաղորդումը խրախուսող օրենքը