13 հունիսի 2017 - 12:59 AMT
Էստոնիան կողմ է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացմանը

Էստոնիան կողմ է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացմանը: Այս մասին հունիսի 13-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասել է Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը, որը պաշտոնական այցով Հայաստանում է իր երկրի՝ Եվրախորհրդում նախագահությունը ստանձնելու նախաշեմին:

Մասնավորապես, անդրադառնալով հարցին, թե կարելի է ակնկալել, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը տեղի կունենա Էստոնիայի նախագահության օրոք, Միկսերն ասել է.

«Ինձ թվում է, որ մարդկանց ազատ տեղաշարժը շատ կարևոր ասպեկտ է երկրներն ու ազգերն իրար մոտեցնելու գործում: Շատ կցանկանայի տեսնել Եվրամիության և Հայաստանի միջև մարդկանց տեղաշարժի դյուրացման գործընթացը: Լավ կլիներ ավելի շուտ, քան ուշ: Էստոնիան շահագրգռված է տեսնել այս գործընթացի արագ ավարտը, բայց ի վիճակի չեմ ժամկետներ նշել ավարտի մասին: Հուսամ, որ մենք թափ կհավաքենք»,- գրում է Panorama.am-ը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Էստոնիա հարաբերություններին, Միկսերն ասել է, որ երկկողմանի ուղղությամբ հարաբերությունները սերտ են, բարեկամական, հայտնաբերել են, որ տնտեսական, առևտրային հարաբերություններում կա չօգտագործված ներուժ: Միաժամանակ հավելել է, որ կան որոշ ասպարեզներ, որտեղ նշանակալի նվաճումներ կան:

Իր հերթին ՀՀ ԱԳ ղեկավարը կարևորել է իր էստոնացի գործընկերոջ այցն ու ասել, որ «Էստոնիան խորհրդի նախագահությունը ստանձնելու է հուլիսի 1-ից։ Այդ ընթացքում Հայաստանը նախատեսում է Եվրամիության հետ ստորագրել շրջանակային փաստաթուղթը», մեջբերում է Aysor.am-ը։

Նա ևս ընդգծել է՝ Էստոնիայի հետ հարաբերություններում կա բավականին չօգտագործված ներուժ։

«Օրինակ՝ մեր առևտրական շրջանառությունն անցած տարի կազմել է մոտ 10 մլն։ Դա շատ ցածր թիվ է, սակայն կարծում եմ՝ մեր ներուժը շատ ավելի մեծ է», - ասել է Նալբանդյանը՝ հույս հայտնելով, որ այն կօգտագործվի։

Էստոնիայի արտգործնախարարի այցի շրջանակում նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի հետ։