Երևան - «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների փորձնական երթուղով ուղեբեռի տեղափոխման համար լրացուցիչ գումար առայժմ չի գանձվի: Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը:
«Այժմ ուղեբեռի արժեքը ներառված է տոմսի սակագնի մեջ: Սակայն առայժմ երթուղին փորձնական է, և հետագայում՝ կախված երթուղու շահութաբերությունից, հնարավոր են փոփոխություններ»,- մանրամասնեց Առաքելյանը՝ հավելելով, որ երթուղու փորձնական շրջանը տևելու է 1-2 ամիս:
Այնուհետև,ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Արսենյանի խոսքով, հաշվի առնելով բացթողումներն ու թերությունները, համապատասխան կարգով կհայտարարվի մրցույթ։
Հունիսի 14-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին, գործարկվել է Երևան - «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների փորձնական երթուղին:Այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին կից գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։
Որպես սկզբնակետ ընտրված է Հանրապետության հրապարակը՝ հաշվի առնելով, որ այստեղ մեծ է զբոսաշրջիկների հոսքը, բացի այդ, մոտ է մետրոյի կայարանին։
«Սա փորձնական երթուղի է։ Փորձարկման ժամանակաշրջանում կկատարվեն ուսումնասիրություններ՝ հաշվի առնելով ինքնաթիռների չվացուցակները, օրվա տարբեր ժամերին ուղևորահոսքի քանակը և, ըստ այդմ, կկատարվեն փոփոխություններ»,- ասել է Արսենյանը։
Ընդամենը երկու կանգառ կատարելով՝ Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» կանգառում և Կենտրոնական ավտոկայանի տարածքում, մոտ 20 րոպե անց ավտոբուսը հասնում է օդանավակայան, որտեղ առանձնացված է հատուկ անվճար անցուղի, որոնցով իրականացվում է այս երթուղով տրանսպորտային միջոցների ելումուտը։ Օդանավակայանի անմիջապես մուտքի դիմաց ցուցանակն ազդարարում է ավտոբուսի կանգառը։
«Զվարթնոց» օդանավակայանի տնօրինության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ավտոբուսային և միկրոավտոբուսային ուղերթերի մասին իրազեկող վահանակներ կտեղադրվեն օդանավակայանի տարածքում: