6 դեկտեմբերի 2007 - 12:29 AMT
Կոսովոյի վերաբերյալ զեկույցը կներկայացվի դեկտեմբերի 6-ին, այլ ոչ թե 10-ին, ինչպես նախատեսվում էր
Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններում միջոնորդների «եռյակը»` ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության, իր զեկույցը վաղաժամ կներկայացնի, արդեն այս ուրբաթ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

«Ոչ մի քաղաքական աստառ եւ շտապողականություն այստեղ չկա: Ես մեկնում են ՄԱԿ-ի հովանու ներքո Բալիում կայանալիք` կլիմային նվիրված միջազգային կոնֆերանսի, որտեղ մենք հուսով ենք մշակել մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետման հնարավոր անշրջելի հետեւանքների հետ կապված գլոբալ աղետի կանխարգելմանն ուղղված գործողությունների հավաքական պլատֆորմ»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` բացատրելով Կոսովոյի վերաբերյալ զեկույցի վաղաժամ ներկայացումը: Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշման համաձայն, զեկույցը նախատեսվում էր ներկայացնել երկուշաբթի, դեկտեմբերի 10-ին:

«Եռյակում» ԵՄ ներկայացուցիչ գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերի խոսքերով Կոսովոյի վերաբերյալ զեկույցում նշվել է, որ Բելգրադին եւ Պրիշտինային չհաջողվեց համաձայնության գալ երկրամասի ապագա կարգավիճակի մասին: Փաստաթղթում մանրամասն թվարկված են այն առաջարկները, որոնցով երկխոսության ընթացքում հանդես են եկել բանակցությունների երկու կողմերը` Սերբիայի պատվիրակությունն ու Կոսովոյի ալբանացիների պատվիրակությունը: Ինչպես հաղորդել են միջազգային միջնորդները, զեկույցը որեւէ կոնկրետ նախագիծ չի պարունակում Կոսովոյի կարգավիճակի խնդրի լուծման առումով:

Մինչդեռ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը Կոսովոյի հակամարտության կարգավորման հարցում կառաջնորդվի միջազգային իրավունքի սկզբունքներով:

1999 թվականից ի վեր Կոսովո երկրամասը, որը ձեւականորեն շարունակում է մնալ Սերբիայի մասը, գտնվում է ՄԱԿ-ի կառավարման ներքո: Երկրամասի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ, որ շարունակվում էին Վիեննայում ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Մարտի Ախտիսաարիի միջնորդությամբ 2006 թվականի ընթացքում, ավարտվեցին անարդյունք: Հարցի կարգավորումը փոխանցվել է միջնորդներին. Կոսովոն պնդում է անկախության վրա, Սերբիան պատրաստ է երկրամասին տրամադրել միայն ինքնավարության կարգավիճակ: