15 հունիսի 2017 - 17:56 AMT
ԶԼՄ-ներ. Թուրքիայում ՄԱԿ դատավորին դատապարտել են ազատազրկման ահաբեկչության մեղադրանքով

Թուրքիայի իշխանությունները 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել ՄԱԿ Միջազգային դատարանի դատավոր Այդին Սեդաֆ Աքային՝ մեղադրելով ահաբեկչության կազմակերպությանն անդամակցելու մեջ, չնայած նրա դիվանագիտական անձեռնմխելիությանը:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Միջազգային դատարանը մեղադրել է Թուրքիային միջազգային իրավունքը խախտելու մեջ, քանի որ Աքայը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի: Աքայի ձերբակալությունը համարվում է ՄԱԿ դատավորի անձեռնմխելիության խախտման առաջին դեպքը, գրում է ՌԻԱ Նովոստին:

2016-ի հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկեցին, որի հետևանքով ավելի քան 240 մարդ զոհվեց, ավելի քան 2000-ը վիրավորվեց: Թուրքիայի իշխանությունները խռովություն կազմակերպելու մեջ մեղադրեցին իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, և պահանջում են ԱՄՆ-ից արտահանձնել վերջինիս: