17 հունիսի 2017 - 10:50 AMT
Բաբայան. Ադրբեջանի գործողությունները հիմնովին կկասեցվեն

Ադրբեջանն արցախյան դիրքերի ուղղությամբ կրակել է հեռվից՝ կիրառելով իր սովորական մարտավարությունն ու ռազմավարությունը: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը կրկին փորձի խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, բոլոր գործողությունները հիմնովին կկասեցվեն, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Բաբայանը հավելել է, որ վերջին շրջանում իրավիճակը համեմատաբար հանգիստ էր, նվազել էին հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները: Բաբայանը նշել է, որ Արցախի բանակն ամեն վայրկյան պատրաստ է իրավիճակի զարգացմանը և բացառեց լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը:

«Նախ՝ հայկական կողմը պահպանում է հավասարակշռությունը, երկրորդ՝ դրան դեմ է միջազգային հանրությունը: Այս երկու գործոնները նվազեցնում են լայնածավալ գործողությունների հնարավորությունը: Սակայն մենք միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը»,- ասել է Բաբայանը:

Հունիսի 16-ին, ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Հունիսի 16-ին Արցախում հակառակորդի կրակոցներից զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։