17 հունիսի 2017 - 16:33 AMT
ԱՀ նախագահ. Թալիշի վերականգնումը կարևոր ռազմաքաղաքական առաջադրանք է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և ներկա գտնվել այնտեղ «Վերածնված Թալիշ» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահը երախտագիտություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ նշելով, որ հուշարձանն ունի յուրահատուկ խորհուրդ և արտացոլում է հաստատակամությունն ու նպատակասլացությունը այս բնակավայրը վերականգնելու, այն կրկին մարդաշատ և ծաղկուն դարձնելու գործում:

Իր խոսքում Բակո Սահակյանը շեշտել է, որ Թալիշի վերականգնումը դարձել է պետության կարևոր ռազմաքաղաքական առաջադրանքներից մեկը, և այս ծրագիրն անպայման կյանքի է կոչվելու:

«Նման հուշարձանը նաև պատգամ է աշխարհին, որ հայի կամքն անկոտրում է, սեփական ուժերի նկատմամբ հավատքը՝ անսասան, լավատեսությունը՝ անսպառ: Բարբարոսությանը մենք պատասխանում ենք ապրելու, արարելու, կառուցելու ներուժով և մեր միասնականությամբ»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Արարողության ընթացքում նախագահ Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Սիսիանի ջոկատի մի խումբ ազատամարտիկների:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք նաև՝ Գյուղապետ. Թալիշում շինաշխատանքներն ընթացքում են, գյուղը կվերաբնակեցվի