19 հունիսի 2017 - 13:45 AMT
ՀՀ և Իրանի նախագահներն ուղերձներ են հղել Կատարի էմիրին

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ուղերձ է փոխանցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիին՝ Իրանի ԱԳ նախարարի օգնականի միջոցով:

Իրանի ԱԳ նախարարի արաբական և աֆրիկյան երկրների գծով օգնական Հուսեյն Ջաբրի Անսարիի և Կատարի ԱԳ նախարար Մուհամմեդ Ալ Թանիի հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 18-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին կատարական QNA գործակալության վրա հղումով:

Իրանի նախագահի նամակի բովանդակությունը չի բացահայտվում:

Անսարին Իրանի առաջին բարձրաստիճան անձն է, որն այցելել է Դոհա արաբական երկրների և Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 18-ին կարճատև աշխատանքային այցելությամբ Կատարի մայրաքաղաք Դոհա ժամանած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին: Հայաստանի ԱԳ նախարարն իր կատարցի գործընկերոջը հանձնել է Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որի բովանդակությունը նույնպես հայտնի չէ։

Իրանի և ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչների այցը Կատար տեղի է ունենում այդ երկրի շուրջ ծագած դիվանագիտական ճգնաժամի ֆոնին:

Արաբական մի շարք պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացան Եմենը, Լիբիան, Մալդիվները: Կատարի և հարևան երկրների միջև տարաձայնություններ առաջացան Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ գագաթնաժողովից հետո Էր Ռիադում, երբ Կատարի լրատվական գործակալությունը երկրի էմիրի անունից ելույթ հրապարակեց Իրանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին:Մինչդեռ հենց հանդիպման ժամանակ Սաուդյան իշխանությունները բոլոր հյուրերի անունից դատապարտեցին Թեհրանին վերջինիս «թշնամական քաղաքականության» համար և համարժեք քայլերով սպառնացին: