21 հունիսի 2017 - 10:37 AMT
ՀԱՊԿ-ը ՄԱԿ հարցումով խաղաղապահ միլիցիա կստեղծի

ՀԱՊԿ-ը ՄԱԿ հարցումով աշխատում է խաղաղապահ միլիցիայի հատուկ ստորաբաժանումների կազմավորման վրա, որոնք մասնակցելու են խաղաղության պահպանման գործողությունների: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

«Այժմ մենք ՄԱԿ առաջարկով և խնդրանքով միլիցիայի հատուկ ստորաբաժանում ենք ստեղծում, որը կարող է մասնակցել խաղաղության պահպանման ՄԱԿ առաքելություններին»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նա նշել է, որ այդպիսի ստորաբաժանումներում կընդգրկվեն կազմակերպության անդամ բոլոր պետությունների իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

«Անվտանգության խորհրդի քարտուղարության կոմիտեն արդեն քննարկել է այդպիսի ստորաբաժանման կառուցվածքը, առաջարկները կզեկուցվեն նախագահներին: Բոլոր պետությունները հավանություն են տվել»,-ասել է Սեմերիկովը:

Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ը հաստատել է ՀԱՊԿ խաղաղապահների համապատասխանությունը գործող չափանիշներին և հաստատել է, որ նրանք կարող են մասնակցել խաղաղապահ գործողություններին երրորդ երկրների տարածքում:

ՀԱՊԿ երկրներից միայն Հայաստանը խաղաղապահներ ունի տեղակայված արտերկրում՝ ՀՀ «երկնագույն սաղավարտները» ծառայում են Աֆղանստանում (65 սպա և պայմանագրային), Կոսովոյում (40), Լիբանանում (32): Խաղաղապահ գործողություններին արտերկրում մասնակցելու համար 3.740 հայ խաղաղապահ պարգևատրվել է օտար երկրների մեդալներով:

Հայերը մասնակցում են խաղաղապահ առաքելություններին 2001-ից: Ամենից շատ հայ սպաներ անցել են Աֆղանստանով՝ 2200 զինծառայող:

Ընթերցեք նաև.Ridus. Հայ խաղաղապահները օտար լեզուների են տիրապետում և լավ բանակցողներ են