Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան աշխարհի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք է կազմակերպել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում: Հայաստանից հավաքին մասնակցելու է Էմմա Պողոսովան:
«Միջազգային ֆեդերացիան մեկ մարզիկի է հրավիրել Հայաստանից: Մեր ֆեդերացիան որոշեց, որ Լայպցիգ կմեկնի Էմման, քանի որ նա ունեցել է ամենաբարձր արդյունքը: Տասն օրերի ընթացքում Պողոսովան հնարավորություն կունենա մարզվել բարձրակարգ մարզիչների ղեկավարությամբ, մրցել լավագույն սուսերամարտիկների հետ»,- նշել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:
Միջազգային ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո Էմմա Պողոսովան հուլիսի 19-26-ը նույն քաղաքում կմասնակցի աշխարհի առաջնությանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Ապրիլի 5-ին Էմմա Պողոսովան Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացված սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է 5-րդ տեղը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայ սուսերամարտիկը տեղ է զբաղեցնում աշխարհի երիտասարդ ուժեղագույն խոցասուսերակիրների լավագույն ութնյակում: