21 հունիսի 2017 - 16:19 AMT
Ադրբեջանը ցուցադրել է «գերեվարված հայաստանցուն»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկար և տեսանյութ է հրապարակել, ոմն մի անձի ներկայացնելով որպես հայկական բանակի զինծառայող, որն իբր «դիվերսիոն հետախուզական խմբի» անդամ է:

Ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերում են նրա արած հայտարարությունը, որն ասել է, թե իր անունը «Զավեն Կարապետյան է, ծնված 1974թ. նոյեմբերի 16-ին Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում, գյուղացի է»:

Այնուհետև ադրբեջանական զինուժի գերության մեջ գտնվող քաղաքացին սկսում է պատմել, իբր մարտական հերթապահություն է իրականացնում, ու եկել էր առաջնագիծ՝ ադրբեջանցիներ սպանելու համար, հայտնում է Haqqin.az-ը:

Համայնքի ղեկավար Սամվել Գորգինյանը PanARMENIAN.Net-ին հայտնեց, որ ՀՀ Տավուշի մարզի Դովեղ գյուղում Զավեն Կարապետյան անուն, ազգանունով բնակիչ չկա:

Հատկանշական է, որ ադրբեջանցի դիվերսանտ ներկայացվող քաղաքացուն հարցաաքննում են ոչ հայկական կամուֆլյաժի ռազմական բաճկոնով, որի գրպաններում ավտոմատի պահունակներ կան:

Հունիսի 21-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ հայկական ԶՈւ դիվերսիայի փորձ են կանխել՝ մեկ հոգու գերեվարելով: Հայկական կողմը հերքեց այս լուրը՝ այն որակելով որպես հակառակորդի հերթական ապատեղեկատվություն: Սակայն, միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերից մեկը հաղորդում է սահմանն անցած մոտ 50 տարեկան հայի մասին, որին «զինվորականները եկել տարել են»:

Ընթերցեք նաև.Դիվերսիա, թե մոլորված գյուղացի. Ինչ գերու մասին է խոսում Ադրբեջանը