Սաուդյան Արաբիայում կանխել են Մեքքայի Պատվիրանների մզկիթի դեմ ուղղված ահաբեկչությունը: Մզկիթըհամարվում է իսլամական աշխարհի գլխավոր սրբությունը: Մահապարտի չեզոքացման գործողության արդյունքում տուժել է 5 իրավապահ և 6 օտարերկրացի: Իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչությունը ծրագրվել է արտերկրում:
Միջադեպը տեղի է ունեցել իսլամի գլխավոր տոներից մեկի՝ Իդ ալ Ֆիթրայից մեկ օր առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Տոնը խորհրդանշում է սրբազան Ռամադան ամսվա ավարտը:
Ահաբեկչություն պատրաստող հանցագործը հայտնաբերվել և շրջափակվել էր Աջիյադեի եռահարկ տանը, սակայն կրակ է բացել իրավապահների ուղղությամբ, իսկ հետո գործի է դրել պայթուցիկը: Պայթյունի հետևանքով շենքը փլուզվել է, տուժել և հոսպիտալացվել է 6 օտարերկրացի: Ձերբակալվել է 5 մարդ, այդ թվում 1 կին:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչության նպատակը երկրում իրավիճակն ապակայունացնելն էր:
Ալ Հարամ մզկիթը, որը մահմեդական աշխարհի գլխավոր սրբությունն է համարվում, գտնվում է Մեքքայում: Իսկ մզկիթի կենտրոնում է գտնվում Քահաբը՝ սև կտորով ծածկված գրանիտե խորանարդի տեսքով կառույցը, որն ըստ իսլամի, միասնական աստծուն երկրպագելու համար կառուցել է Իբրահիմ մարգարեն: