Վայոց Ձորի Եղեգիս, Մալիչկա գետերը և Արփայի վտակները ծանր մետաղներով թունավորման վտանգի տակ են. այստեղ «Վայք մետալ» ընկերությունը նոր հանքավայրեր է շահագործելու։ Այս մասին հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ահազանգել է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
«Դա իրականում կապարի և ցինկի հանքաքար է: Շահագործումից ամբողջ ջրային համակարգերը կավիրվեն»,- նշել է բնապահպանը:
Հանքավայրի շահագործումը, ըստ Հակոբ Սանասարյանի, կվնասի հողի պտղաբերությանը, մարդկանց և կենդանիների առողջությանը. հնարավոր է քաղցկեղ, չբերություն և բազմաթիվ այլ հիվանդություններ առաջանան, գրում է A1plus.am-ը:
«Վայք մետալ» ընկերությունը նույն հանքավայրը շահագործելու ծրագիրը 2013 թվականին ներկայացրել էր Բնապահպանության նախադրությանը, բայց շահագործման թույլտվություն չի ստացել:
2016 թվականին էլ Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել, ընկերությունը գործ է հարուցել և դատի տվել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և Գլաձորի համայնքապետարանին, որը ևս թույլ չէր տալիս, որ հանքը շահագործվեր:
Արդյունքում ընկերությունը դատը շահել է: