14 դեկտեմբերի 2007 - 14:56 AMT
ՀՀ ՊՆ. Պատերազմը չի լուծի Ղարաբաղի խնդիրը
Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինում Հայաստանը որպես թշնամի է նշվելու: «Մեր ռազմական դոկտրինում չկա մի դրույթ, որտեղ ինչ-որ մեկը թշնամի համարվի: Մենք Ադրբեջանի հետ տարաձայնություններ ունենք ղարաբաղյան խնդրի շուրջ, որը մենք պետք է լուծենք բանակցությունների միջոցով: Պատերազմը չի լուծի Ղարաբաղի խնդիրը: Թեեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է, թե պատերազմի հավանականությունը գրեթե հարյուրտոկոսանոց է, սակայն միեւնույն է, կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Հարությունյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը ցանկանում է լուծել ղարաբաղյան խնդիրը բանակցությունների միջոցով եւ տալ Ղարաբաղի ժողովրդին այն, ինչ նա է ցանկանում, այլ ոչ թե այն, ինչ ցանկանում են այլ երկրների ժողովուրդները»,-նշել է Միքայել Հարությունյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: