28 հունիսի 2017 - 15:22 AMT
Ադրբեջանական ավիաընկերությունը սպառնացել է լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը

Ռուսաստանում AZAL ավիաընկերության ներկայացուցիչ Ռահիբ Իսաևը սպառնացել է լուծել «հայկական ձևով հնդկահավի» հարցը, նշելով, որ այդ կերակրատեսակը ոտնահարում է ադրբեջանցիների ազգային զգացմունքները։

Այդ տեղեկությունը հայտնվել է ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում։

Վերջին օրերին սոցցանցերում տեսանյութ է պտտվում, թե ինչ իրարանցում է ստեղծել «Աէրոֆլոտով» Բաքու մեկնող ուղևորների շրջանում նրանց առաջարկված հայկական ձևով պատրաստված հնդկահավը։

Իսաևի խոսքով, ցանկացած ավիաընկերություն պետք է հաշվի առնի իր հաճախորդնրի ցանկությունները, և Մոսկվա–Բաքու չվերթի ուղևորներին «հայկական ձևով հնդկահավ» առաջարկելը սխալ էր։

Նա խոստացել է դիմել «Աէրոֆլոտ»` այդ սխալն ուղղելու խնդրանքով, գրում է Նովոստի Արմենիան:

Ինչպես նշվում է «Աէրոֆլոտ» ավիաընկերության պաշտոնական կայքում, ավիաընկերության էկոնոմ կարգի ուղևորների կերակրացանկը մշակել է «Աէրոմար» ընկերության շեֆ խոհարար Թիերի Մոնը, ով բիզնես–ավիացիայում աշխատանքային հսկայական միջազգային փորձ ունի։ Կախված ուղղությունից, թռիչքի ժամից և տևողությունից` «Աէրոֆլոտի» չվերթերի ուղևորներին առաջարկվում են նախաճաշ, ճաշ կամ նախուտեստներ։