29 հունիսի 2017 - 13:40 AMT
Շոտլանդիայի խորհրդարանում Խոջալուի դեպքերը միակողմանի ներկայացնող բանաձև է շրջանառվում

ՀՀ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը հունիսի 29-ին Շոտլանդիայի Կառավարության արտաքին հարաբերությունների և Եվրոպայի հարցերով նախարար Ալասդաիր Ալլանին է ներկայացրել մեր մտահագությունն առ այն, որ շոտլանդական խորհրդարանում արդեն երկրորդ տարին է Խոջալուի դեպքերի վերաբերյալ 24, իսկ հետո՝ 25-ամյակը նշող բանաձև է շրջանառվում:

Մարուքյանը նշել է, որ դրանում անաչառ կերպով արտացոլված չէ Արցախյան հակամարտության խնդրի էությունը և դա միակողմանի, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով փաստաթուղթ է։

Նախարարը հավաստիացրել է, որ նման բանաձևերի նախագծերը որևէ կերպ չեն արտացոլում Շոտլանդիայի կառավարության տեսակետները, և շոտլանդական օրենսդրության համաձայն, յուրաքանչյուր պատգամավոր կարող է նմանատիպ նախագծով հանդես գալ, որն անգամ քննարկման չի դրվում։

Էդմոն Մարուքյանը ներկայացրել է նաև, որ Ադրբեջանը նմանատիպ տեղեկությունները «վաճառում» է իր բնակչությանը՝ ներքին շահարկման նպատակներով։

ԼՀԿ լրատվական ծառայության հաղորդմամբ, Մարուքյանն առաջարկել է համագործակցություն Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի շրջանակներում, որի արդյունքում կկարողանանք լրացնել հայկական հարցերի վերաբերյալ տեղեկատվական բացը և կանխել ադրբեջանական միակողմանի և իրականությանը չհամապատասխանող նախաձեռնությունները։

Մարուքյանը բրիտանական Արտաքին գործերի նախարարության հրավերով՝ քաղաքական առաջնորդների ծրագրով հունիսի 24-ից գտնվում է Մեծ Բրիտանիայում, որտեղ տարատեսակ հանդիպումներ է ունենում կառավարության անդամների, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։