29 հունիսի 2017 - 13:48 AMT
ԱԳ փոխնախարար. Ինչպե՞ս առաջ գնալ բանակցություններում, երբ կրակում են

Երբ կրակում են, երբ սադրանքներ են կազմակերպում, ինչպե՞ս կարելի է բանակցային սեղանի շուրջ առաջ գնալ: Հունիսի 29-ին լրագրողների հետ զրույցում նման հարցադրում է արել ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրով բանակցային գործընթացի ու առաջիկա հնարավոր հանդիպումների վերաբերյալ հարցերին:

«Բանակցային գործընթացի համար պետք է լինի համապատասխան մթնոլորտ: Եթե այդ մթնոլորտը չկա, չի կարող բանակցային գործընթացում լինել առաջընթաց»,- ասել է նա՝ հավելելով, որ «մենք միշտ պետք է պատրաստ լինենք մեր հարևան հակառակորդի ամենաարկածախնդրային քայլերին», մեջբերում է Panorama.am-ը:

Փոխնախարարը նշել է, որ պատահական չեն անընդհատ հնչող հայտարարությունները, որ Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում ստանձնած պարտավորությունները Ադրբեջանը պետք է կյանքի կոչի:

Շավարշ Քոչարյանն այն օրերին Ազգային ժողովի անդամներին էր ներկայացնում նախարարության՝ նախորդ տարվա կատարողականը: