29 հունիսի 2017 - 15:14 AMT
Աթեշյանի բոլոր լիազորությունները դադարեցվել են

Հայ Առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները դադարեցվել են:

Ինչպես հայտնում է Պոլսո պատրիարքարանը, համապատասխան որոշում է ընդունվել Եկեղեցական ընդհանուր համագումարի ժողովի ընթացքում:

Որոշումն ընդունվել է 22 կողմ, 2 դեմ ու 1 ձեռնպահ քվեներով:

2017-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Գարեգին Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:

2017-ի մայիսի 24-ին Աթեշյանը հրաժարական էր ներկայացրել: