18 դեկտեմբերի 2007 - 18:51 AMT
Թուրք զինվորականները անցել են Իրաքի սահմանը
Մոտ 300 թուրք զինվորականներ անցել են Իրաքի սահմանը եւ առաջացել են մի քանի կիլոմետր սահմանամերձ լեռնային շրջանում: Այդ մասին ասում է Իրաքի քրդերի ներկայացուցիչը: Անկարան դեռեւս պաշտոնապես չի հաստատում այդ հաղորդագրությունը: Սակայն բարձրաստիճան թուրք զինվորականը, ով խնդրել է չնշել իր անունը, հաստատել է Իրաքի տարածքում Քրդստանի Աշխատավորական կուսակցության գրոհայինների հետ բախման փաստը:

Զոհերի մասին տեղեկատվություն չկա:

Իսկ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը երեքշաբթի եղել է Իրաքի հյուսիսում` Կիրկուկ քաղաքում: Ամերիկացի պաշտոնական ներկայացուցիչների խոսքերով, նա փորձում է համոզել Իրաքի առաջնորդներին քաղաքական հաշտության հասնել:

«Կիրկուկը կարեւոր կետ է Իրաքի ապագայի համար, ժողովրդավարական Իրաքի համար»,- հայտարարել է Ռայսը տեղացի առաջնորդների հետ զրույցում: Պետքարտուղարի Իրաքի հարցով խորհրդական Դեւիդ Սաթերֆիլդը հավելել է, որ չնայած, որ Կիրկուկը հաճախ դիտարկում են որպես ապագայի պոտենցիալ թեժ կետ, փակուղուց կա ելք:

Քրդերը ցանկանում են նավթով հարուստ շրջանը ինքնավարություն դարձնել` Կիրկուկ մայրաքաղաքով: Նման տարբերակը բացարձակապես շահավետ չէ այնտեղ ապրող արաբների (ընդ որում, ինչպես սունիներին, այնպես էլ շիաներին), այնպես էլ թուրքմենների համար: Շրջանի կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեով տարվա վերջում: Սակայն քվեարկությունը հետաձգվել է: Կիրկուկ այցելությունից հետո Ռայսը այցելել է Բաղդադ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: