19 դեկտեմբերի 2007 - 14:13 AMT
Բաքուն մի շարք անհամաձայնություններ ունի Մադրիդում Մինսկի խմբի ներկայացրած փաստաթղթին
«Եթե համաձայնություն ձեռք բերվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման որեւէ սկզբունքի վերաբերյալ, մենք կտեղեկացնենք այդ մասին հանրությանը»,-հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, միայն խաղաղության հաստատումից հետո գործընթացի վրա կարող է դրական ազդեցություն ունենալ ժողովրդական դիվանագիտությունը: Մամեդյարովը նշել է, որ ոչ մի խնդիր չի տեսնում Ադրբեջանի եւ Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունների մակարդակով բանակցություններ անցկացնելու մեջ:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթին, որը Ադրբեջանին եւ Հայաստանին էր ներկայացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, Մամեդյարովը նշել է.«Մադրիդում համանախագահները մեզ նոր փաստաթուղթ ներկայացրեցին: Ներկայումս մենք աշխատում ենք այդ փաստաթղթի վրա: Փաստաթղթում բացակայում են նոր առաջարկները, սակայն կան նոր ասպեկտներ: Այդ փաստաթուղթը մենք նորմալ ենք համարում, թեեւ կան բնականաբար մի շարք անհամաձայնություննր: Սակայն մենք պատրաստ ենք աշխատել փաստաթղթի վրա», հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը: