4 հուլիսի 2017 - 16:06 AMT
Բասկետբոլի ԵԱ. Իտալիայի դեսպանատունը վիզա չի տվել ՀՀ կանանց հավաքականի առաջատարներին

Մալթայում մեկնարկում է կանանց բասկետբոլի Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցելու է նաև Հայաստանի ընտրանին։

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը մրցավայր է ժամանել առանց առաջատար խաղացողների։

Երևանում Իտալիայի դեսպանատունը (Մալթա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն այս դեսպանատուն), Շենգենյան վիզա չի տրամադրել Վիկտորիա Տոնոյանին, Սոֆյա Դեմիրճյանին, Քրիստինա Մելիքյանին և Նատալի Նաջարին։

Առաջին 3-ը համարվում էին Հայաստանի ընտրանու առանցքային խաղացողներ։ Վիկտորիա Տոնոյանը նաև Հայաստանի հավաքականի ավագն է, հայտնում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան:

Երևանի ժամանակով 17։30-ին Հայաստանը մրցելու է Կիպրոսի հետ՝ իր կազմում ունենալու ընդամենը 7 մարզուհի:

Վահագն Հարությունյանի սաները 2016-ին հաղթել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում։