21 դեկտեմբերի 2007 - 14:24 AMT
Այսօրվա Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կփակի մուտքն այդ կազմակերպություն Հայաստանի համար
Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը կփակի մուտքն այդ կազմակերպություն Հայաստանի համար: Նման կարծիք է հայտնել ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում «Հայ դատի» եւ ՀՅԴ քաղաքական հարցերի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: «Այսօրվա Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կփակի մուտքն այդ կազմակերպություն Հայաստանի համար, քանի որ այժմ Թուրքիան խոչընդոտներ է հարուցում Հայաստանի համար, փորձում է զրկել մեր երկիրը միջազգային կազմակերպություններին անդամակցելու, միջազգային պայմանագրերին միանալու հնարավորությունից»,-ասել է Մանոյանը` հավելելով, որ Թուրքիան ուղղակի կօգտագործի ԵՄ-ն իր շահերի համար:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիան պետք է փոխվի մինչ ԵՄ-ին անդամակցելը, հակառակ դեպքում անդամ դառնալուց հետո «չարդարացված լավատեսություն» կլինի հուսալ թե Թուրքիան կփոխվի:

Ըստ Կիրո Մանոյանի, այն փաստը, որ բանակցությունները Թուրքիայի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ մեկնարկեցին առանց ԵՄ բոլոր անդամների հավանության, արդեն իսկ հուշում է, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան իրենց շահն ունեն այդ հարցում: «Չի բացառվում, որ նույն քաղաքական հաշվարկով էլ Թուրքիան կարող է անդամակցել ԵՄ-ին, սակայն այդ դեպքում բարեփոխումներ այնտեղ չեն լինի»,-հավելել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: