Մալթայում շարունակվում է բասկետբոլի Մ 18 տարեկան կանանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:
Հայաստանի հավաքականը, որը մրցավայր ժամանել է յոթ բասկետբոլիստով, երկրորդ խաղում 83:53 հաշվով վստահորեն հաղթել է տանտերերի թիմին, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը մրցավայր էր ժամանել առանց առաջատար խաղացողների։
Երևանում Իտալիայի դեսպանատունը (Մալթա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն այս դեսպանատուն), Շենգենյան վիզա չի տրամադրել Վիկտորիա Տոնոյանին, Սոֆյա Դեմիրճյանին, Քրիստինա Մելիքյանին և Նատալի Նաջարին։
Առաջին 3-ը համարվում էին Հայաստանի ընտրանու առանցքային խաղացողներ։ Վիկտորիա Տոնոյանը նաև Հայաստանի հավաքականի ավագն է:
Վահագն Հարությունյանի սաները 2016-ին հաղթել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում։
Ավելի վաղ, Կիպրոսում ընթացող բասկետբոլի Մ 18 տարեկան տղամարդկանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը զիջեց Կոսովոյի ընտրանուն` 54:72:
Հուլիսի 6-ին՝ Երևանի ժամանակով 15:45-ին, մեր հավաքականն ուժերը կփորձի Նորվեգիայի թիմի հետ: