22 դեկտեմբերի 2007 - 13:56 AMT
Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փաստացի գոյություն ունեցող սահմանը չունի իրավական հիմքեր
Ներկայիս հայ-թուրքական սահամնը պետք է վերանայվի: Այդ մասին հայտարարել է «Հայ դատի» եւ ՀՅԴ քաղաքական հարցերի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: «Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փաստացի գոյություն ունեցող սահմանը չունի իրավական հիմքեր: Կարսի պայմանագիրը, որով որոշվել է այդ սահմանը, իրավական ուժ չունի, ուստի Հայաստանն ու Թուրքիան պետք է կարգավորեն այդ հարցը»,-ասել է նա:

Ըստ Մանոյանի, սահմանի համար նման իրավական հիմք պետք է ծառայի Սեւրի պայմանագիրը: Կ.Մանոյանը պարզաբանել է, որ հայ-թուրքական սահանի ճշտման անհրաժեշտությունն առաջացավ Հայաստանի անկախացման հետ:

«Մինչ այդ Հայաստանը, լինելով ԽՍՀՄ կազմում, չէր կարող առաջ քաշել այդ հարցը: Երբ անկախ Հայաստանը դարձավ Առաջին հանրապետության իրավահաջորդը, Սեւրի պայմանագիրն անմիջականորեն ուժի մեջ մտավ եւ հանդիսանում է այն միակ փաստաթուղթը, որով կարելի է ճշտել սահմանը»,-հաղորդել է նա:

Միեւնույն ժամանակ Մանոյանը նկատել է, որ տվյալ տարածքային վեճը, ոչ առաջինն է ոչ էլ վերջինը համաշխարհային պատմության մեջ, եւ կոնկրետ Թուրքիայի համար, որն իր մյուս հարեւանների հետ եւս նմանատիպ խնդիրներ ունի: Բացի դրանից, իր կարծիքով, սահմանը ճշտելու նման պահանջը հայերի կողմից կարող է հակակշիռ դառնալ թուրքերի պահանջների համար, որոնք իրենց իրավունք են վերապահում զիջումներ պահանջել հայերից, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: