7 հուլիսի 2017 - 12:37 AMT
Երևանում բացվել են արևային էներգիայով սնուցվող առաջին կանգառները

Երևանում բացվել են արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառները։

Արևային վահանակները հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնությամբ՝ վերականգնվող էներգիայի օգտագործումը խթանելու համար, հայտնում է Aysor.am-ը։

Կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում և բնակիչներին թույլ են տալիս անվճար լիցքավորել բջջային հեռախոսները և թվային այլ սարքավորումները։ Յուրաքանչյուր կանգառ կարող է օրական լիցքավորել 24 հեռախոս։

Լիցքավորող սարքերից մեկն առաջինը փորձարկեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Ուղերձը շատ հստակ է, մենք սրանով փորձում ենք խթանել Հայաստանի էներգետիկ անկախությանը, ինչպես նաև արևային էներգիայի օգտագործումը հայերի համար», - ասել է Սվիտալսկին։

Նա նշել է, որ արևային վահանակները կանգառում կմնան մեկ տարի, դրանից հետո կփոխանցեն այլ հաստատությունների՝ դպրոցների կամ մանկապարտեզների։