ՄԱԿ-ը մտահոգված է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում գրանցված լարվածության աճով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:
Նա կոչ է արել հակամարտության կողմերին խուսափել ցանկացած ռազմական գործողությունից, ինչպես նաև՝ իրավիճակի կայունացման և ապագայում բռնության կանխարգելման համար քայլեր ձեռնարկել:
«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղում վերսկսված բռնության վերաբերյալ, որը բերել է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում»,- ասել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարը:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը խիստ մտահոգություն է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտման նոր փաստի առնչությամբ:
Հուլիսի 4-ին ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին:
Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։