7 հուլիսի 2017 - 17:48 AMT
Ատոմակայանը վերսկսել է էլէներգիայի արտադրությունը

Հուլիսի 7-ի առավոտյան, նախատեսված ժամկետից երկու օր շուտ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: ՀԱԷԿ-ը վերագործարկվել է պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքները հաջողությամբ ավարտելուց հետո:

Պլանային աշխատանքներին զուգահեռ շարունակվել են նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումները, հայտնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը։

Սահմանված ժամանակացույցի համաձայն, ատոմակայանը նախատեսված էր ցանցին միացնել հուլիսի 9-ին։

Մայիսի 10-ին ՀԱԷԿ-ը դուրս էր բերվել էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով: