10 հուլիսի 2017 - 12:57 AMT
ԵԱՀԿ-ն ԼՂ խնդրի շուրջ կոչ է անում անհապաղ բանակցություններ սկսել

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ափսոսանք է հայտնում ԼՂ հակամարտության հարցում առաջընթացի բացակայության համար և կողմերին կոչ է անում բանակցություններ սկսել: Այս մասին ասված է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ընդունված Մինսկի հռչակագրում:

«Հակամարտության կողմերին կոչ ենք անում անհապաղ սկսել առարկայական բանակցություններ՝ հակամարտության կարգավորման ճանապարհներ գտնելու ուղղությամբ», - ասված է հռչակագրում:

Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներին կոչ է արվում ակտիվացնել իրենց գործողությունները հակամարտության լուծման նպատակով:

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին:

Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։