Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն այնպիսի ոգեշնչմամբ է իր ֆիլմերը նկարահանում, որ դա ակամայից գերում է: Այսպիսի կարծիք է հայտնել հայտնի ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում, որն այս օրերին Երևանում է և մասնակցում է «Ոսկե ծիրանի» հիմնական մրցույթին:
Բորիս Խլեբնիկովն առաջին անգամ է Հայաստանում «Ոսկե ծիրանին» մասնակցելու նպատակով, թեև նրա 2 ֆիլմերը նախորդ տարիներին ևս ընտրվել են: Հուլիսի 10-ին 21:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Խլեբնիկովի «Առիթմիա» ֆիլմի պրեմիերան:
«Ինձ դուր չեն գալիս նրա ֆիլմերը, սակայն ոչ մի վատ բան նրա մասին ասել չեմ կարող: Սարիկ Անդրեասյանն այլ մոլորակում է ապրում, զարմանալի ոգեշնչմամբ և ոգևորությամբ է նկարահանում իր ֆիլմերը, ինչն էլ ինձ գրավում է», -ասել է Խլեբնիկովը:
Բորիս Խլեբնիկովի ամբողջական հարցազրույցը մարդկանց կյանքում կինոյի դերի փոփոխման, «Ոսկե ծիրանի» մասին PanARMENIAN.Net-ը կհրապարակի հուլիսի 11-ին:
Սարիկ Անդրեասյանը հայտնի ռուսաստանցի ռեժիսոր է, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան։ Նրա ֆիլմերից են «Երկրաշարժը», «Ծառայողական սիրավեպ։ Մեր ժամանակները» «Հղին» (ռուս.՝ «Беременный») և «Ինչ են անում տղամարդիկ»: