28 դեկտեմբերի 2007 - 14:27 AMT
ԱՄՆ նախագահը պահպանել է հավասարության սկզբունքը Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հարցում
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ստորագրել է Հայաստանին 48,5 մլն դոլարի տնտեսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ օրինագիծը` պահպանելով հավասարության սկզբունքը Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հարցում: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) 2008 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրվող օգնությունը նվազել է 17,5 միլիոնով անցյալ տարվա համեմատությամբ, սակայն ավել է 35 մլն դոլարով վարչակազմի առաջարկած գումարից: Կոնգրեսը հավանություն է տվել որպես ռազմական օգնություն 3 մլն դոլարի հատկացմանը ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին:

«Մեզ անհանգստացնում է Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության նվազեցումը, հատկապես այն առումով, որ Հայաստանը շարունակում է շրջափակված մնալ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, իսկ Բաքուն հաճախակի հայտարարություններ է անում Հայաստանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին: Մենք շնորհակալ ենք մեր բարեկամներին, որոնք հատկացումների տրամադրման ընթացքում մեծ ճնշումների են ենթարկվում»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Վրաստանին այդ օրինագծով հատկացվել է 50,5 մլն դոլար, Ադրբեջանին` 19 մլն դոլար: