15 հուլիսի 2017 - 15:00 AMT
Դանակով հարձակում Թեհրանի մետրոյում. 5 վիրավոր կա

Դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա Թեհրանի մետրոյի կայարաններից մեկում: Առնվազն 5 մարդ, այդ թվում ոստիկանության մեկ աշխատակից, վիրավորվել է: Այդ տվյալները հրապարակել է ոստիկանությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Թեհրանի արվարձանում՝ Ռեյ քաղաքի մետրոյի կայարանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին ISNA գործակալության վրա հղումով:

Տղամարդը դանակով հարվածել է 4 ուղևորի, հետո ոստիկանին, որը փորձել է նրան խանգարել: Ոստիկանները մի քանի զգուշացնող կրակոցներից հետո կրակ են բացել հանցագործի ուղղությամբ, որը հետո հիվանդանոցում մահացել է:

Ավելի վաղ Mehr գործակալությունն իր աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ հարձակվել են եկղեցականի վրա և տուժել է 15 մարդ: Սակայն այդ տվյալները պաշտոնապես չհաստատվեցին:

Այժմ կայարանն աշխատում է առօրյա ռեժիմով: