17 հուլիսի 2017 - 17:19 AMT
ՀՀ ԱԺ. Օրակարգում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու մասին հարց չկա ու չի լինելու

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու մասին հարց օրակարգում չկա:

«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղում հակադարձեց՝ պնդելով, որ ՀՀ օրակարգում նման հարց չկա ու չի էլ սպասվում», - ասել է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, գրում է Aysor.am-ը:

«Հայաստանի բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է։ Կողմերը պայմանավորվեցին հարցին անդրադառնալ ապագայում», - նշել է Բաբայանը:

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Հայաստանի իշխանություններին ամրագրել ռուսերենի պաշտոնական կարգավիճակը ՀՀ օրենսդրության մեջ, որպեսզի հայկական վարորդական իրավունքները կարողանան ճանաչվել նաև ՌԴ տարածքում:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նույնպես հայտարարել է, որ Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելու խնդիր օրակարգում չկա և չի նախատեսվում:

Ի թիվս այլ պատգամավորների՝ նա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Մոսկվայում և մասնակցել է ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը: