19 հուլիսի 2017 - 16:02 AMT
Բյուրականում նախատեսվում է թանգարան և աստղացուցարան կառուցել

Բյուրականի աստղադիտարանում նախատեսվում է գիտակրթական կենտրոն ստեղծել, որի գործունեությունը հիմնված կլինի հայկական վիրտուալ աստղադիտարանի միջոցով ժամանակակից եղանակներով աստղագիտության ուսուցման գաղափարի վրա։

Հուլիսի 19-ին ՀՀ նախագահն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան՝ ծանոթացել աստղադիտարանի գիտակրթական դերի ամրապնդման և երիտասարդ կադրերի ներգրավման նպատակով աստղադիտարանի կողմից առաջարկվող նախագծերին, որոնք միտված են խթանելու նաև զբոսաշրջությունն այդ տարածաշրջանում:

Բյուրականի աստղադիտարանի ճանաչողական դերի ամրապնդման, ինչպես նաև դպրոցականներին, ուսանողներին և այլ այցելուների, այդ թվում՝ օտարերկրյա հյուրերին Հայաստանի գիտական արժեքները ցուցադրելու նպատակով աստղադիտարանը ծրագրում է ստեղծել նաև այցելությունների կենտրոն, որի կազմում կկառուցվի աստղագիտության պատմության թանգարան, աստղացուցարան (պլանետարիում), հանրային դասախոսությունների սրահ, կբարեկարգվեն աստղադիտակ տանող ճանապարհը և հարակից տարածքները։

Հանրապետության նախագահը աստղադիտարանի ղեկավարության և ՀՀ ԳԱԱ նախագահի հետ քննարկել է ներկայացված առաջարկների իրականացման հնարավորությունները, առաջնահերթությունները, խնդիրները, ինչպես նաև նախանշված նպատակներին հասնելու համար հնարավոր այլ տարբերակներ:

Նախագահի այցի ժամանակ քննարկվել են նաև աստղադիտարանի կողմից Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի և նրա կանոնակարգի փոփոխման մասին առաջարկությունները, որոնք նպատակ ունեն մրցանակը դարձնել Հայաստանի համար է՛լ ավելի օգտակար և արդյունավետ: Մրցանակի առաջարկվող ձևափոխությունը, ըստ այն ներկայացնողների, մեծապես կնպաստի Հայաստանում աստղագիտական հետազոտություններին, ինչպես նաև հայ գիտնականներին հնարավորություն կտա ավելի ակտիվորեն ինտեգրվել միջազգային աստղագիտական հանրությանը, ուսանողների և աշակերտների շրջանում կմեծացնի աստղագիտության նկատմամբ հետաքրքրությունը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով, եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը։ Աստղադիտարանը կազմված է երկու մասից՝ բնակելի ավանից և գործառնական մասից, որը ներառնում է դիտաշտարակները, վարչական և լաբորատորիայի շենքերը, ժողովասրահը և հյուրերի տուն