17 հունվարի 2008 - 13:56 AMT
Կոսովոյի կարգավիճակը չի կարող որոշվել ՄԱԿ-ի պատերում
Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ որոշումը արգելափակված է Անվտանգության Խորհրդում եւ չի կարող որոշվել ՄԱԿ-ի պատերում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը անցած չորեքշաբթի ՄԱԿ-ի ԱԽ-ում կայացած խորհրդակցություններից հետո:

«Կոսովոյի վերաբերյալ որոշումը արգելափակված է Անվտանգության Խորհրդում եւ ոչ մի ազդանշան չկա, որ այն կընդունվի ԱԽ-ում»,-ասել է Հալիլզադը լրագրողներին:

ՄԱԿ-ի ԱԽ-ն չորեքշաբթի երեկոյան քննարկեց Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության զեկույցը, որը գտնվում է Կազմակերպության կառավարման տակ 1999 թվականից ի վեր: Ռուսաստանը հաստատել է, որ հնարավոր չի համարում բանաձեւի ընդունումը, որը կճանաչեր Կոսովոյի անկախությունն առանց Սերբիայի համաձայնության:

Հալիլզադի խոսքերով, Մարտի Ախտիսաարիի ծրագիրը, որը անկախ կարգավիճակ է նախատեսում ալբանական մեծամասնության երկրամասի համար, միակ որոշումն է, որը կարող է դիտարկել միջազգային հանրությունը: Միեւնույն ժամանակ ամերիկացի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Կոսովոյի վերջնական կարգավիճակի որոշման համար ժամանակը դեռ չի եկել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: