26 հուլիսի 2017 - 14:21 AMT
Հայկական արտադրության տեքստիլը պահանջարկ ունի ԵՏՄ երկրներում

Հայկական արտադրության տեքստիլն իր գնորդին է գտել Ռուսաստանում և ԵՏՄ երկրներում: Ըստ մասնագետների, արտահանումն աճել է 2 անգամ:

Տրիկոտաժի ֆաբրիկայի ներկայացուցիչ Գայանե Բդոյանն ասել է, որ մինչև ամսվա վերջ հարկավոր է կարել և ՌԴ ուղարկել հագուստի մոտ 1 մլն նմուշ: «ԵՏՄ երկրներից, հատկապես ՌԴ-ից, աճել են մանկական հագուստի, տաբատների, զգեստների, սարաֆանների պատվերները: Մենք կարում ենք մաքուր բամբակից, որը գնում ենք Ուզբեկստանից և Իտալիայից: Իսկ նոր սարքը սկանավորում է պատրաստի արտադրանքն ու ի հայտ է բերում անգամ ամենափոքր խոտանը»,-ասել է Բդոյանը, հայտնում է «Միր 24»-ը:

Իսկ մեկ այլ գործարանում հատուկ՝ հիպոալերգեն հագուստ են կարում, որի գնորդները ՌԴ-ն ու Վրաստանն են: Բանակցություններ են ընթանում նաև Ղազախստանի և Բելառուսի շուկա դուրս գալու մասին:

«Հատուկ հոսքագիծ ունենք, արտադրում ենք արծաթե թելով գուլպաներ դիաբետիկների և ալերգիայից տառապողների համար, որոնք կանխում են հիվանդության զարգացումն ու մանրէների աճը»,-ներկայացրել է արտադրանքը գործարանի տնօրեն Արման Թումանյանը:

Փորձագետները նշում են, որ ԵՏՄ հետ ՀՀ առևտրի զարգացմանը չի խանգարել նույնիսկ ընդհանուր ցամաքային սահմանների բացակայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թեթև արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպություններին լրացուցիչ արտոնություններ կտրամադրվեն: «Ցանկանում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ մեր կողմից հայտարարված Հայաստանում թեթև արդյունաբերության, մասնավորապես տեքստիլի, տրիկոտաժի, կաշեգործության, կոշկակարության և գորգագործության ոլորտների զարգացմանն ուղղված պետական գործուն աջակցության անհրաժեշտության հարցին»,-ավելի վաղ ասել էր վարչապետը։

Ընթերցեք նաև.Նախարար. Սյունիքում միայն թեթև արդյունաբերության մեջ հնարավոր է 1000-1500 լրացուցիչ աշխատատեղ ստեղծել