27 հուլիսի 2017 - 13:25 AMT
Իսրայելը հանում է բոլոր պաշտպանիչ սարքերը Տաճարի լեռից

Երուսաղեմի Տաճարի լեռան վրա հսկիչ սարքերի տեղադրման դեմ արաբների զանգվածային բողոքներից հետո Իսրայելի իշխանությունները հանում են անվտանգության ապահովման հետ կապված բոլոր նոր օբյեկտները:

Այդպես, ապամոնտաժվել են միայն վերջերս տեղադրված պաշտպանիչ ճաղերն ու ամրակները, որոնց վրա ամրացվում էին տեսախցիկները: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն AFP գործակալության վրա հղումով:

Ավելի վաղ հանվել էին Տաճարի լեռան մատույցներում տեղադրված մետաղաորսիչ սարքերը:

Միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն սպառնացել էր «Ալ Ջազիրա» ալիքին՝ հայտարարելով, թե կփակի Երուսաղեմի գրասենյակը Տաճարի լեռան շուրջ առճակատման լուսաբանման պատճառով: Ըստ Նեթանյահուի, Կատարում գործող հեռուստաալիքը բռնություն է սադրում՝ հաղորդագրություններ տարածելով այդ թեմայի շուրջ: Իր ֆեյսբուքյան էջում Իսրայելի կառավարության ղեկավարը գրել էր, որ եթե գործող օրենքները թույլ չեն տալիս փակել հեռուստաալիքը, ապա պետք է հոգ տանեն օրենսդրության փոփոխության մասին:

Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն էր հայտնել Երուսաղեմի Հին քաղաքում բռնության աճի կապակցությամբ:

Հուլիսի 16-ին Իսրայելի իշխանությունները մետաղաորսիչ սարքեր են տեղադրել Տաճարի լեռան ճանապարհին Երուսաղեմի Հին քաղաքում ոստիկանների վրա արաբների հարձակումից հետո:

Բոյկոտելով մետաղաորսիչների տեղադրումը՝ հազարավոր մահմեդականներ հրաժարվում էին անցնել այդ հսկողությունն ու աղոթում էին հենց Երուսաղեմի փողոցներում, որոնք պարբերաբար վերաճում էին ոստիկանության հետ բախումների: 4 պաղեստինցի մահացավ: Տաճարի լեռան շուրջ իրավիճակի սրման պատճառով մոտ 900 պաղեստինցի է տուժել: Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարեց, որ Պաղեստինը սառեցնում է բոլոր կապերն Իսրայելի հետ: