ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չի կարծում, թե նոր պատժամիջոցները էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության մեջ:
«Ես չեմ կարծում, որ նոր պատժամիջոցները էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության համար և այնտեղից էլ բումերանգի էֆեկտով կանդրադառնան Հայաստանի վրա», - ասել է նախարարն՝ անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչպես կազդեն Հայաստանի վրա ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, հայտնում է Aysor.am-ը:
«Ռուսաստանի տնտեսությունն արդեն սովորել է ապրել պատժամիջոցներով և լրացուցիչ խորացումը, չեմ կարծում, որ էական ցնցումների կբերի, բացասական ազդեցություններ, հնարավոր է, բերի», - ասել է նախարարը։
Արամյանի խոսքով՝ պատժամիջոցներից հետո ռուսական ռուբլին սկսեց արժեզրկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ։ «Բայց պետք է փաստել, որ արժեզրկումը շատ մեծ չէր: Այսինքն՝ շուկաները և տնտեսվարողները արձագանքեցին նոր պատժամիջոցներին ոչ այդքան ագրեսիվ և կտրուկ», - ասել է նա։
Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ այս անգամ էական տատանումներ ռուբլու փոխարժեքում չի նկատվի: «Ամեն դեպքում, մենք շարժվում ենք այն սցենարով, որը նախանշված է միջնաժամկետ ծրագրով և բյուջեով», - հավելել էԱրամյանը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել: Այժմ փաստաթուղթը կներկայացվի Սենատ, հետո այն պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն, ըստ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսի, կողմ է ՌԴ դեմ «կոշտ» պատժամիջոցներին:
Ընթերցեք նաև.ԱՄՆ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ դեմ