28 հուլիսի 2017 - 11:04 AMT
Պենտագոնի բյուջեն կհասնի $658 մլրդ-ի. Ներկայացուցիչների պալատը հաստատել է

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ռազմական բյուջեի զգալի ավելացմանն ու Մեքսիկայի հետ պատի կառուցմանը: Հուլիսի 27-ին համապատասխան օրենքի ընդունման օգտին է քվեարկել 235 պատգամավոր, 192-ը դեմ է արտահայտվել:

Ըստ փաստաթղթի, Պենտագոնի բյուջեն 2018-ին կավելանա 68.1 մլրդ դոլարով 2017-ի համեմատ և կգերազանցի 658 միլիարդ դոլարը, գրում է Deutsche Welle-ն:

Միջոցները կուղղվեն նաև հակահրթիռային պաշտպանության հզորացմանը: Նման միջոցներ են ձեռնարկվում Հյուսիսային Կորեայի հետ առճակատման ֆոնին, որն, իհչպես պնդում է Փհենյանը, միջուկային հրթիռներ է մշակում, որոնք կարող են հասնել ԱՄՆ տարածքին:

Սահմանապահ պատի կառուցման համար կհատկացվի 1.6 մլրդ դոլար, որի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին Թրամփի նախընտրական խոստումներից էր:

Մինչդեռ նույնիսկ հանրապետականներն են կասկածում այդ նախագծի նպատակահարմարության հարցում, քանի որ դրա արժեքը կհասնի 21 մլրդ դոլարի: