ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլիին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար, հայտնում է Republic.ru-ն Reuters-ի վրա հղումով:
«Ուրախությամբ հայտնում եմ ձեզ, որ հենց նոր գեներալ Ջոն Քելլիին նշանակել եմ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար»,-գրել է Թրամփը Twitter-ում: Քելլին կստանձնի պաշտոնը հուլիսի 31-ին:
Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել աշխատանքի համար Ռայնս Պրիբուսին, որը զբաղեցնում էր պաշտոնը 6 ամիս: Պրիբուսի պաշտոնանկության պատճառները չեն նշվում:
Հուլիսի 28-ին Սպիտակ տան հաղորդակցությունների գծով նորանշանակ տնօրեն Էնթոնի Սկարամուչին Պրիբուսին անվանել էր «պարանոիդալ շիզոֆրենիկ» և կասկածել էր նրան տեղեկատվության արտահոսքի մեջ: Սկարամուչին խոստացել էր, որ Պրիբուսը «շատ շուտով պաշտոնանկ կարվի»: Հուլիսի 21-ին Թրամփի վարչակազմից ազատվեց մամուլի քարտուղար Շոն Սփայսերը: Ըստ ԶԼՄ-ների, նա հրաժարվել է աշխատել Էնթոնի Սկարամուչիի հետ: