Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ վիրավորված հայ զբոսաշրջիկներից մեկի բուժման համար Եգիպտոս հայ բժիշկ է գործուղվել:
Այս մասին է հայտնել թվիթերյան իր էջում արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«ԱԳՆ նախաձեռնությամբ` հայ զբոսաշրջիկի ապաքինմանն աջակցելու նպատակով առողջապահության նախարարը Կահիրե է գործուղել պրոֆեսոր Ա. Հովհաննիսյանին», - նշել է նա։
Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչությունում տուժել էր ՀՀ 2 քաղաքացի: Նրանցից մեկը վիրավորվելուց հետո դիմակայել էր ահաբեկչին՝ օգնելով կասեցնել ու ձերբակալել նրան։