3 օգոստոսի 2017 - 17:11 AMT
Պետությունը կզիջի տարերային աղետներից տուժած գյուղացիներին սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները

Կառավարությունն աշխատելու է տարերային աղետների հետևանքների վերացման, ինչպես նաև տուժած գյուղացիներին աջակցելու ուղղությամբ: Համապատասխան հանձնարարականները վարչապետ Կարեն Կարապետյանը տվել է Կառավարության օգոստոսի 3-ի նիստում:

Անդրադառնալով հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքների ուսումնասիրության և հնարավոր լուծումների վերաբերյալ տրված հանձնարարականին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Մեր կողմից իրականացվել են համալիր ուսումնասիրություններ և վերհանվել են ոչ միայն կարկտահարությունից, այլև տարվա ընթացքում ցրտահարությունից, սելավներից էապես տուժած համայնքների հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման հնարավոր տարբերակները»:

Նա հանձնարարել է գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին 1 ամսվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ հողի հարկը, ոռոգման ջրի ձևավորված հասույթը, պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրված սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները նշված տարերային աղետներից 80-100% տուժած համայնքների հողօգտագործողներին ըստ ներկայացված հայտերի զիջելու համար: