8 օգոստոսի 2017 - 15:50 AMT
Հայաստանում կարող է աղբի վերամշակման գործարան կառուցվել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու Global Reserves Management ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Ուիթֆիլդը քննարկել են Հայաստանում աղբի վերամշակման գործարանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորություններն ու հետագա քայլերը:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, վարչապետը նշել է, որ թափոնների կառավարման ոլորտում կառավարությունն ունի հստակ ռազմավարություն և հետևողականորեն իրականացնելու է այն: Կարեն Կարապետյանը ողջունել է մեր երկրում աղբի վերամշակման ծրագիր իրականացնելու ընկերության շահագրգռվածությունը և հայտնել կառավարության պատրաստակամությունը՝ ցուցաբերելու անհրաժեշտ տեխնիկական օժանդակություն:

Ռոբերտ Ուիթֆիլդը վարչապետին է ներկայացրել իր գլխավորած ընկերության գործունեությունն աղբի վերամշակման ոլորտում: Կողմերը պայմանավորվել են ծրագրի ուղղությամբ նախնական գնահատական կազմելու նպատակով առաջիկայում իրականացնել անհրաժեշտ ուսումնասիրություններ, այնուհետև դրանց հիման վրա շարժվել առաջ:

Հայաստանում մոտ 400-500 գրանցված աղբավայր կա: Այժմ գույքագրվում են առավել խոշոր աղբավայրերն ու տարբեր միջոցառումներ իրականացվում: Պետք է որոշվի, թե գործող աղբավայրերից որ 100-200-ը կարող են օգտագործվել: Ապագայում երկրում 5-6 խոշոր աղբավայր կմնա, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին: