14 օգոստոսի 2017 - 14:34 AMT
Կարապի լճում բացվելու է քանդակագործ Աշոտ Հարությունյանի ցուցահանդեսը

Օգոստոսի 15-ին Երևանի Կարապի լիճում նախատեսված է քանդակագործ Աշոտ Հարությունյանի ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդես-նախագիծը համադրելու համար ԱՐՏ PR ընկերությունը հրավիրել է արվեստաբան Արա Հայթայանին։

«Կարապի լիճը մեր խտացված հիշողությունն է: Այն երևանցու մտորումների, երազների և քաղաքի կենսունակության հայելին է… Բազմաթիվ սերունդներ իրենց պտույտն են արել լճի շուրջ՝ միանալով կյանքի հավերժական պտույտին: Բազմաթիվ դերակատարումներ ստանձնած Կարապի լիճն այսօր ներկայանում է որպես քանդակային ցուցասրահ: Անդադար փոփոխվող ջրի հայելու մակերեսն այն հարթակն է, որտեղ ներկայացված են արվեստագետ Աշոտ Հարությունյանի մետաղական քանդակները: Վերացական մտածողությամբ օժտված և Հայաստանում իր տեսակի մեջ անկրկնելի արվեստագետը՝ որպես նյութ օգտագործելով հետխորհրդային արդյունաբերական ջարդոնն ու այժմյան մետաղական արտադրանքը, այն վերածում է իր հուշերն ու գեղագիտությունը մարմնավորող հնչեղ ձևագոյացումների»,- ասել է արվեստաբանը, հաղորդում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Ցուցահանդեսը Կարապի լճում կգործի մինչև սեպտեմբերի 30-ը։