25 հունվարի 2008 - 18:18 AMT
Վահան Հովհաննիսյան. Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտություն կա
«ԵԱՀԿ Մինսկի խումբն արդյունավետ է աշխատել, եւ հատկապես մեր կողմից մինչեւ վերջերս հանդիմանություններ չեն եղել, քանի Ադրբեջանը չսկսեց իրեն անթույլատրելիորեն ագրեսիվ դրսեւորել»,- «Վոեննի դիպլոմատ» ռուսական ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, հանրապետության նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, դա իր բացատրությունն ունի. ավելի ու ավելի իրական է դառնում այն փաստը, որ Ադրբեջանն ինքնուրույն չի գործում, այլ ամբողջությամբ կառավարվում է պետության կողմից, որը դե-յուրե ընդգրկված չէ Մինսկի խմբի ձեւաչափում, սակայն դե-ֆակտո արգելակում է Ադրբեջանի կողմից որոշումների ինքնուրույն ընդունումը: Թուրքիան Ադրբեջանին թելադրում է բացարձակ անընդունելի որոշումներ, մասնավորապես, Ադրբեջանը սկսել է իր կողմից որպես փոխզիջում առաջ քաշել տարածաշրջանում խաղաղության պահպանումը: Այդպիսով, հավելել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակը, Մինսկի խմբում թշնամական Թուրքիայի ներկայությամբ` ի դեմս Ադրբեջանի, խախտվում է Մինսկի խմբում չեզոք պետություններ ընդգրկելու մտածված սկզբունքը: Եւ դա կատարվում է միջազգային կազմակերպությունների թույլտվությամբ:
«Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտություն կա նաեւ: Կարծում եմ, որ եթե կարգավորվեն այդ երկու հարցերը, անհրաժեշտ չի լինի փնտրել Մինսկի խմբի այլընտրանքը: Չնայած, այսօր այն գոյություն էլ չունի»,- ամփոփել է նա: