25 օգոստոսի 2017 - 12:36 AMT
ԱՄՆ-ի Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ամերիկյան Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նահանգապետ Քիմ Ռեյնոլդզը օգոստոսի 24-ին ստորագրել է Հայոց ցեղասպանության ճանաչման և 2017 թվականի հոկտեմբերը «Հայկական իրազեկման ամիս հայտարարելու մասին» հռչակագիրը։

Այդպիսով Այովան դարձել է ԱՄՆ 47-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ ԱՄՆ 3 նահանգ է մնացել, որոնք նմանատիպ փաստաթուղթ դեռ չեն ընդունել։

Հռչակագրում ասվում է, որ 1915-1923 թթ. Օսմանյան կայսրության նախաձեռնած ցեղասպանական գործողությունների ժամանակ 1 մլն հույն և ասորի կոտորվեց, Հայոց ցեղասպանության ընթացքում միլիոն հայ սպանվեց:

«Պարտավոր ենք դատապարտել պատմական բոլոր դեպքերը, որոնք եղել են անցյալում. Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, «Իսլամական պետության» գործողություններն Իրաքում, Դարֆուրում, քրիստոնյաների և այլ կրոնների ու առհասարակ մարդկության դեմ իրագործված հանցագործությունները: 2017-ի հոկտեմբերը հայտարարվում է «Հայկական իրազեկման ամիս»:

Պաշտոնական արարողությանը ներկա են եղել հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, Արևելյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։